100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Գիտակցելով եկեղեցու և հավատի դերը հայ ժողովրդի կյանքում` թուրքական կառավարությունը նպատակամղված սպանել է հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյանները, զավթել եկեղեցական գույքը:

Ըստ 1912-1913 թվականներին Կոստանդնուպոլսի հայկական Պատրիարքարանի կազմած և թուրքական կառավարությանը ներկայացրած պաշտոնական պատմագրության` Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում` IV-V դարերի վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը Ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:

Սակայն Թուրքիային չհաջողեց ոչնչացնել հային և հայկական մշակույթը: Մեկ դար անց աշխարհում ապրում են շուրջ 10 000 000 հայ և Հայկական Սփյուռքի շնորհիվ Հայ մշակույթը տարածում և մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում:
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել ջլատված Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ Օսմանյան կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Մոտ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ դարձավ գաղթական։