ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


100 ՏԱՐԻ/100 ԱՐՎԵՍՏ նախագիծը, որպես առաջին քայլ, ցանցակայքի միջոցով բացում և ի ցույց է դնում համայն աշխարհին հայ արվեստագետների Ցեղասպանությանը նվիրված 100 արվեստի գործեր: Այն մի հարթակ է հանդիսանում Հայոց Ցեղասպանության փաստը այլընտրանքային ձևերով՝ գեղարվեստական, տեսողական միջոցներով արտահայտելու, տարածելու, աշխարհաճանաչ դարձնելու: 100ՏԱՐԻ/100 ԱՐՎԵՍՏ նախագծի նպատակն է խթանել Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը՝ ներկայացնելով 1915-2015թթ.-ին Հայաստանի և Սփյուռքի հայ ակնառու նկարիչների տարբեր սերունդների, Ցեղասպանության թեման իրենց արվեստում անդրադարձած, 100 արվեստի գործերը:

1915- 2015 թթ.-ին ստեղծված հայ արվեստագետների աշխատանքերը դասակարգված են ըստ ժամանակաշրջանի և ներկայացված են 100 ԱՐՎԵՍՏ բաժնում որպես հիմնական ցուցադրություն: Կայքում առկա է առանձին բաժին՝ ՑՈՒՑԱԴՐԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ անվանումով, որտեղ յուրաքանչյուր արվեստագետ, ազատ ստեղծագործող անհատ անկախ իր ազգությունից, կարող է վերբեռնել Հայոց Ցեղասպանության թեմայով արվեստի իր գործը և այդպիոսվ իր ներդրումն ունենալ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Նախագիծը նվիրվում է Հայող Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: